Սեպտեմբերի 29-ին Երեւանում իր երկօրյա աշխատանքն է սկսել ԱՊՀ երկրների վճարային համակարգերի նախաձեռնության աշխատանքային խմբի (CISPI) 4-րդ նստաշրջանը:
Հայաստանի Կենտրոնական բանկից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, թե վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը կարեւոր է ոչ միայն բանկային համակարգի եւ ֆինանսական ենթակառուցվածքի զարգացման, այլեւ ընդհանուր տնտեսության զարգացման համար: Նա նշել է, թե ԱՊՀ երկրներն այս ոլորտում միանման փորձ ունեն, եւ այս առումով, նրանց փորձառությունները եւ անցած ուղին կարող են օգտակար լինել միմյանց համար: ԿԲ նախագահի տեղակալը կարեւորել է այս ոլորտում սպառողների ֆինանսական գրագիտության եւ նրանց շահերի պաշտպանության խնդիրը:
Նիստի ընթացքում քննարկվելու են նոր տեխնոլոգիաների վրա հիմնված մեծածախ վճարումների կարգավորման, ֆինանսական գրագիտության եւ վճարահաշվարկային ծառայությունների ոլորտում սպառողների շահերի պաշտպանության հարցերը: Զեկույցներով հանդես են գալու Համաշխարհային բանկի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Հայաստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները:
Նշենք, որ ԱՊՀ երկրների վճարային համակարգերի նախաձեռնության հիմնական խնդիրը մասնակից երկրների (Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենիայի) վճարահաշվարկային համակարգերի եւ արժեթղթերի վճարային համակարգերի գնահատումը եւ բարեփոխումն է՝ դրանց անվտանգությունը, արդյունավետությունը եւ ամբողջականությունը բարելավելու ռազմավարության ու հետագա քայլերի մշակման նպատակով:




























