ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են առաջիկայում ժամանել  տարածաշրջան: Այս մասին Trend գործակալությանն այսօր` ապրիլի 2-ին հաղորդել են ԵԱՀԿ մամլո գրասենյակից:

Միջնորդները կշարունակեն քննարկումները հիմնարար սկզբունքերի հիման վրա` հենվելով «Սոչիում տեղի ունեցած հանդիպման դրական ազդակի վրա»:

Կքննարկվեն նաեւ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության վերաբերյալ Սոչիում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված կոնկրետ միջոցառումները, նշել են մամուլի ծառայությունում:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Սոչիում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվել էր  համատեղ հայտարարություն, որում  ընդգծվում էր կողմերի ձգտումը` «բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ շփման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: