«Եթե 2009 թվականի համար պետական բյուջեի ծախսերը նախատեսված էին 945 միլիարդ դրամ, ապա 2010-ին այդ ծախսերը նվազել են, հասնելով 860 միլիարդի: Այսինքն մենք նույնիսկ նահանջ ունենք, ինչը նշանակում է, որ կառավարության մոտեցումներն իրատեսական են»,- այսօր NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ու հավելեց. «Եթե այդպես չլիներ, իրենք էլ այդքան համարձակություն չէին ունենա այդ մակարդակը վերցնել»:
Դիտարկմանը, թե կառավարությունը նախատեսում է, որ 2010 թվականին կգրանցվի 1,3 տոկոսի տնտեսական աճ, այնինչ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը կարծում է, որ գրանցվելու է 1-2 տոկոս տնտեսական անկում, Վ. Բոստանջյանը նկատեց. «Շատ հարգելով Բագրատ Ասատրյանին, նաեւ հասկանում եմ, որ կառավարությունն ավելի շատ փորձագետներ է ներգրավել այդ կանխատեսումը կատարելիս, որի պարագայում կարելի է ասել, որ նրանց կանխատեսումը հազիվ թե սխալ լինի»: Հիշեցնենք սակայն, որ ՀՀ կառավարությունը 2009-ի ընթացքում բազմաթիվ կանխատեսումներ է արել, մասնավորապես, որ 2009-ին տնտեսական անկումը կկազմի 5 տոկոս, ապա 10 տոկոս, սակայն այդ կանխատեսումներից ոչ մեկը չիրականացավ, եւ նեկայումս կա 18,5 տոկոսի անկում:
«Բագրատ Ասատրյանը միայնակ է մտել կանխատեսումների դաշտ, ում ես շատ բարձր եմ գնահատում որպես մասնագետ, միեւնույն ժամանակ կարծում եմ, որ մի խելքը լավ է, իսկ բազմաթիվը` կարող է ավելի զերծ լինել խոցելի պահերից: Այդ առումով կառավարության սցենարը պետք է աշխատի: Գոնե դրա համար ես պատասխան եմ տալու»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը, հավելելով, որ «բոլոր դեպքերում նման բյուջե ներկայացնելու համար որոշակի համարձակություն պահանջվում է, դրա համար էլ 2010 թվականին լարվածությունը պահպանվելու է»:




























