Քիչ առաջ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 28ա շենքի մոտ էին հավաքվել նշված շենքի բնակիչները, քանի որ, ըստ նրանց, «Ջրմուղի» իրավաբան, ոստիկանության նախկին աշխատակից ոմն Բագրատ ջրագծերը փոխելու անվան տակ փորձում է վերացնել շենքի հարեւանությամբ գտնվող խաղահրապարակը:

Շենքը 5-հարկանի է եւ գտնվում է ոստիկանության Աշտարակի բաժնի հարեւանությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ֆոտոլրագրողը կատարվածի մասին փորձել է տեղեկություններ ստանալ քաղաքապետից, քանի որ բնակիչները պնդում են, որ քաղաքապետ Գագիկ Թամազյանը, ով գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի եղբայրն է, պաշտպանում է ոստիկանության նախկին աշխատակցին:

Մեզ հետ զրույցում Արամ Թամազյանը հաստատել է, որ Աշտարակի քաղաքապետն իր հորեղբոր որդին է: Նա միաժամանակ նշել է, որ եթե քաղաքապետը ապօրինություն է կատարել, դրան պետք է իրավական ընթացք տալ:

Բնակիչները հայտնել են, որ ամիսներ առաջ դեռ նախագահի վերահսկողության ծառայությունն է արգելել տվյալ վայրում շինաշխատանքներ կատարել, սակայն որոշ ժամանակ անց աշխատանքները վերսկսվել են: Բնակիչները մտադիր են այդ հարցով մեկ անգամ եւս դիմել նախագահի վերահսկողության ծառայությանը:

Կատարվածի մասով մեր թղթակիցը զրուցել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, ով զարմացել է, թե ինչու են բնակիչները դիմել լրատվամիջոցին, այլ ոչ մարզպետարանին, եւ հանձնարարել է մարզպետարանի համապատասխան բաժնին գնալ եւ դադարեցնել շինարարությունը:

Մարզպետը խոստացել է նախկին տեսքի բերել տարածքը, հրավիրել լրատվամիջոցներին եւ ապացուցել, թե նախագահի հանձնարարականները կատարվում են:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի