Թուրքիայում էրոտիկ տեսարանների պատճառով սկանդալային ֆիլմի համբավ ձեռք բերած «Իմ ներսի անձայն գետը» ֆիլմը ապրիլի 22-ից կցուցադրվի Թուրքիայի կինոթատրոններում։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ֆիլմի գլխավոր դերասանուհի Թայես Ֆարզանը նշել է, թե ֆիլմն արդեն երկու կինոփառատոնի է մասնակցել։ «Սակայն ցավալին այն է, որ Թուրքիայում այն օրակարգում է հայտնվել միայն այն պատճառով, որ այնտեղ կա բռնաբարության տեսարան։ Ինչքան ես հասկացա, Թուրքիայում աճում է հետաքրքրությունը համբույրների, սեռական հարաբերությունների եւ բռնաբարությունների տեսարաններով ֆիլմերի նկատմամբ»,-ասել է դերասանուհին։
Նշենք, որ ֆիլմի հեղինակ, հոգեբույժ Մուսթաֆա Սերքան Էրոզը ֆիլմում ներկայացրել է իր հիվանդների կյանքի իրական պատմությունները։
Սկանդալային ֆիլմը նկարահանվել է ընդամենը 5 շաբաթվա ընթացքում, ու չնայած նկարահանման նման կարճ ժամկետին, հոգեբույժ-կինոռեժիսորը համոզված է, որ հրաշալի ֆիլմ է ստացվել։






























