«Մեզ համար „Հայաստան-Թուրքիա“ հասկացություն չկա, մեզ համար կա հայ-թուրքական սահման» հասկացություն։ Մենք հայ-թուրքական հարցը ուզում ենք դիտել համաշխարհային մակարդակով",- այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սեպուհ Գալփակյանը։ Պատգամավորի խոսքով՝ սփյուռքահայը պետք է անպայմանորեն մասնակցի Հայաստանի համար ճակատագրական հարցի լուծմանը։

«Ճիշտ է, հայրենիքը այստեղ է, իրենք են կառավարությունը եւ իշխանությունը, բայց վերջին հաշվով կա նաեւ Սփյուռքը, որը հայրենիքի մեջ ապրող ժողովրդի եռապատիկն է եւ պետք է անպայմանորեն նկատի առնվի»,-ասաց նա։ Սփյուռքահայ պատգամավորը ողջունեց նախագահի սփյուռքահայության հետ նախաձեռնած հանդիպումների քայլը։

«Այն, որ նախագահը մտադրված է սփյուռքահայերին հայտնել կամ բացատրել իր տեսակետը, իրապես խիզախ քայլ է։ Բայց հայտնեմ, որ նախագահը շատ դժվարությունների պետք է հանդիպի որովհետեւ հստակ տեսակետներ կան, որով Հայաստանի կողմից նման քայլը անընդունելի է»,-հայտարարեց նա եւ հավելեց, որ Սփյուռքի եւ գաղթօջախների կողմից՝ հատկապես լիբանանահայության կողմից սուր քննադատություններ եւ ենթադրություններ են լինելու։

«Վերջին հաշվով այս բոլոր հարցերի պատասխանների եզրահանգումները կարելի է երկխոսությամբ գտնել։ Նախագահի այս քայլը ուշացած է։ Նրա կողմից նախատեսված այցելությունները պետք է կատարվեին նախքան արձանագրությունները»,-եզրափակեց նա։