«Այս տարվա տնտեսական անկումը դեռեւս շարունակվում է, թեեւ այս երկու ամսում այդ անկումը կարող է փոքր լինել, պայմանավորված նախորդ տարեվերջին տնտեսական անկման հետ համեմատության մեջ նայելով, բայց մյուս կողմից բացասական եմ համարում, երբ ծախսային առումով այս տարվա բյուջեն փոքր է նախորդ տարվա բյուջեից»,- այսօր NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն ու հավելեց. «Ավելին ես կարծում եմ, որ մինչ այդ պետք է անհրաժեշտ ձեւով քննարկման առարկա դարձնել, թե այս տարի այնուամենայնիվ, որքա՞ն է լինելու տնտեսական անկումը եւ ինչո՞վ է դա պայմանավորված: Միայն տնտեսական ճգնաժամի արդյունքներով պայմանավորված լինելը քիչ է, որովհետեւ պահուստային միջոցների ներգրավումը պետք է որ արդյունք տար, հատկապես տնտեսության մեջ ներդրումների տեսանկյունից: Որքանո՞վ է դա արդյունավետ եղել, կարծում եմ, որ դա բյուջետային քննարկումների ընթացքում պետք է քննարկման առարկա դառնա»:

Ինչ վերաբերում է 2010 թվականի բյուջեում 183 միլիարդ դրամի դեֆիցիտ նախատեսելուն, Ա. Մինասյանն ասաց. «Ընդհանրապես դեֆիցիտը շատ մեծ չէ: Կարեւորն այն է, թե ի՞նչ միջոցների հաշվին է այդ ֆինանսավորումը կատարվելո եւ որքա՞ն է ընդհանրապես ծախսային մասում բաժին ընկնելու դրսից վերցված վարկային ռեսուրսների մարման գումարներին, ինչը եւս կարեւոր եմ համարում»: