ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր՝ հոկտոմբերի 24-ին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Հովհաննես ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է հրամանագրում:

NEWS.am–ի տեղեկություններով՝  ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Հովհաննես Քոչարյանն ազատման դիմում է գրել ոչ թե իր կամքով, այլ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի «հորդորով»։ Սարգսյանին իր հերթին նման պահանջ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում բարկացրել է Քոչարյանի վերջին հայտարարությունը։

Ոստիկանության գնդապետի  համար ճակատագրական է եղել  հոկտեմբերի 22–ին «Հետհեղափոխական Հայաստան. Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» խորագրով քննարկմանը լրագրողների հետ զրույցում իր կողմից արված այն հայտարարությունը, որ ոստիկանության կարծիքը չի համընկնում  ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական պաշտոն համարելու նախագծի հեղինակների կարծիքի հետ։