ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ի քվեարկությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը:

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում 405 կոնգրեսականներ բանաձեւն աջակցել են, եւ դեմ է արտահայտվել ընդամենը 11 օրենսդիր:

NEWS.am-ը ներկայացնում է հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ամբողջական տեքստը.

ԲԱՆԱՁԵՎ

Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ արձանագրության հաստատում:

Նկատի ունենալով, որ ԱՄՆ-ն հպարտ է Հայոց ցեղասպանության, 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանության ճանաչման եւ դատապարտման ու հայերի, հույների, ասորիների, խալդերի, սիրիացիների, արամեացիների, մարոնիտների եւ այլ քրիստոնյաների դեմ ցեղասպանության արշավի զոհերին օգնության ցուցաբերման իր պատմությամբ,

Նկատի ունենալով, որ 1913-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան, Պատվարժան Հենրի Մորգենթաուն կազմակերպել եւ ղեկավարել է շատ երկրների ներկայացուցիչների բողոքն ընդդեմ այն բանի, ինչն ինքն անվանել է «կայսրության ռասայի ոչնչացման արշավ», եւ 1915 թվականի հուլիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգից ցուցում է ստացել այն մասին, որ. «Դեպարտամենտը հավանություն է տալիս ձեր գործողություններին…ուղղված հայերի հետապնդումների դադարեցմանը»,

Նկատի ունենալով, որ նախագահ Վուդրո Վիլսոնը սատարել է Կոնգրեսի որոշմամբ հիմնադրված Օգնության ամերիկյան կոմիտեի ստեղծմանը, որը 1915-1930 թվականներին ներգրավել է ԱՄՆ 116 000 000 դոլար (2019 թվականին ԱՄՆ ավելի քան 2 500 000 000 դոլար), իսկ Սենատն ընդունել է զանգվածային սպանությունները դատապարտող բանաձեւեր,

Նկատի ունենալով, որ Ռաֆայել Լեմկինը, որը 1944 թվականին «ցեղասպանություն» տերմինի եւ «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ կոնվենցիայի» հեղինակն է, հղում է կատարել Հայաստանում տեղի ունեցածին՝ որպես 20-րդ դարում ցեղասպանության վերջնական օրինակի,

Նկատի ունենալով այն, որ, ինչպես ներկայացված է ԱՄՆ-ում Հոլոքոստի հուշաթանգարանում, Ադոլֆ Հիտլերը 1939 թվականին իր զինվորական հրամանատարներին հրամայելով հարձակվել Լեհաստանի վրա՝ մերժել է առարկությունները՝ ասելով. «Ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը», հող նախապատրաստելով Հոլոքոստի համար,

Նկատի ունենալով, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1951-ի մայիսի 28-ին ԱՄՆ կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարությամբ, նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981-ի ապրիլի 22-ի № 4838 որոշման հիման վրա եւ Ներկայացուցիչների պալատի՝ 1975-ի ապրիլի 8-ի № 148 եւ 1984-ի սեպտեմբերի 10-ի № 247 «Համատեղ բանաձեւերին» համապատասխան, ինչպես նաեւ

Նկատի ունենալով, որ «Էլի Վիզելի՝ ցեղասպանության եւ 2018-ի օրենքով (ընդհանուր օրենք 115-441) վայրագությունների կանխարգելման մասին ակտը» սահմանում է, որ վայրագությունների կանխարգելումը ԱՄՆ ազգային շահ է ներկայացնում, եւ հաստատում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն է իրականացնել համապետական ռազմավարություն՝ ուղղված վայրագությունների բացահայտմանը, կանխարգելմանն ու արձագանքմանը՝ «դիվանագիտական արձագանքի ուժգնացման, անցումային փուլի արդարադատության համապատասխան միջոցների աջակցման, ներառյալ նախկին վայրագությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով արտասահմանյան օգնության արդյունավետ օգտագործման ճանապարհով»:

Այդպիսով, հաստատում ենք՝ Ներկայացուցիչների պալատը կարծում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն է՝

1.       հաստատել Հայոց ցեղասպանության փաստը՝ պաշտոնապես ճանաչելու եւ հիշատակելու միջոցով,

2.       հրաժարվել Հայոց ցեղասպանության կամ որեւէ այլ ցեղասպանության ժխտման գործում ԱՄՆ-ի կառավարության ներգրավվածությունից, ինչպես նաեւ

3.       խրախուսել Հայոց ցեղասպանության մասին փաստերի, այդ թվում՝ մարդասիրական օգնության գործում ԱՄՆ-ի դերի, մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործություններում Հայոց ցեղասպանության նշանակալիության մասին հանրային ընկալումն ու կրթությունը: