Հայաստանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձեւի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստան ԱԳՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս բանաձեւը կարեւորագույն նշանակություն ունի, քանի որ հաստատակամ է պաշտոնական ճանաչման եւ հիշատակման միջոցով ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, մերժելու ժխտողականությունը եւ խրախուսելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923թթ․ 1․5 միլիոն հայերի բնաջնջման վերաբերյալ կրթության եւ իրազեկվածության բարձրացումը՝ որպես 20-րդ դարում իրականացված ցեղասպանության հստակ օրինակ։

Այն ժամանակ Միացյալ Նահանգների ժողովուրդն ու ղեկավարությունը մեծ ջանքեր գործադրեցին հայերի նկատմամբ իրականացված վայրագություններին արձագանքելու գործում՝ փրկելով եւ օգնության ձեռք մեկնելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին։

Այսօր Միացյալ Նահանգները տուն է ուժեղ ու կենսունակ հայ համայնքի՝ իրենց հայրենիքի հպարտ քաղաքացիների համար, որոնք նշանակալի ավանդ են բերել ինչպես ԱՄՆ-ի ձեռքբերումներին եւ բարեկեցությանը, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջեւ բարեկամությանը։

Այս բանաձեւը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ցուցադրում հարգանք նրանց արժանապատվության նկատմամբ եւ նշանավորում Ցեղասպանությունը վերապրածների կորովը եւ կենսունակությունը:

Հայաստանը խորապես շնորհակալ է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ թիվ 296 բանաձեւին օգտին իրենց վճռական եւ տպավորիչ քվեի համար, ինչը վկայում է ճշմարտության, արդարության, մարդասիրության, համերաշխության եւ մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին:

Այս բանաձեւը կարեւոր ներդրում է միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում նոր ցեղասպանությունների եւ զանգվածային վայրագությունների կանխարգելմանը, որոնք մեր օրերում շարունակում են ցնցել մարդկության գիտակցությունը։ Այն հզոր ուղերձ է ցեղասպանության չարիքի, ժխտման եւ արդարացման դեմ պայքարում, քանզի ընդգծում է Հայոց ցեղասպանության դասերի արդիականությունը մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների համատեքստում։

Այսօր մենք նաեւ մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում աշխարհի մյուս բոլոր պետություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նախկինում գործադրած ջանքերի համար:

Հայաստանը խորապես հանձնառու է՝ շարունակելու սերտ համագործակցությունը իր բոլոր միջազգային գործընկերների հետ՝ հետեւողականորեն եւ վճռականորեն կառուցելու ամուր հիմքեր եւ կարողություններ ցեղասպանությունների եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումների կանխարգելման ուղղությամբ»: