Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր այցը ԱՄՆ հարցականի տակ է դրել Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստացած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւից հետո, հայտնում է NTV-ն:
«Իմ որոշումը հարցական նշանի տակ է»,- այսպես է մեկնաբանել Էրդողանը Միացյալ Նահանգներ իր առաջիկա այցը: Նա հայտարարել է, որ Թուրքիան դեմ հանդես գալիս դիրքորոշմանը, որն արտահայտվել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում:
Նա նաեւ «անպատասխանատու» է որակել իր եւ թուրք նախարարների դեմ պատժամիջոցներ սահմանելու պալատի պահանջները՝ «Խաղաղության ակունք» ռազմական գործողության պատճառով, որը Անկարան սկսել էր հոկտեմբերի սկզբին Սիրիայի սահմանին քրդական ջոկատների դեմ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 30-ին ձայների մեծամասնությամբ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչել է Ցեղասպանություն: Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ կանչել է ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդին:
Նշենք, որ Էրդողանի այցը ԱՄՆ պետք է տեղի ունենա նոյեմբերի 13-ին:



























