Երկար տարիներ շարունակ ամերիկացի դիվանագետներին հրահանգել են չհիշատակել Հայոց ցեղասպանության մասին՝ Թուրքիային վանելու վախի պատճառով: Այս մասին ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը գրել է հոդվածում, որը հրապարակվել է The New York Times-ում:
Նրա խոսքով՝ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձեւը մեծ նշանակություն ունի Ամերիկայի համար:
«Վաշինգտոնի պաշտոնական անձինք պետք է ճշմարտությունն ասելու հնարավորություն ունենան»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ «երկար տարիներ շարունակ ամերիկացի դիվանագետներին հրահանգել են չհիշատակել Հայոց ցեղասպանության մասին՝ Թուրքիային վանելու վախի պատճառով»:
«2005-ին, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, նա հետ կանչվեց եւ ստիպված եղավ հրաժարական տալ: Ճշմարտության հաստատումն ընկալվեց որպես անհնազանդություն»,- նշել է նա:
Փաուերի խոսքով՝ երբ ինքը 2013-ին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան դարձավ, իրեն մտահոգում էր այն, որ ցեղասպանության մասին պատմական փաստերը հաստատելու դեպքում կարող էին խզվել դիվանագիտական հարաբերությունները:
Նրա խոսքով՝ Թուրքիան ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կարող է ավելի շատ բան կորցնել, քան Ամերիկան:
«ԱՄՆ-ն օգնել է ստեղծել Թուրքիայի զինված ուժերը, նրան բերել ՆԱՏՕ եւ գլխավոր կոալիցիան, որը հաղթել է թուրքական հողի վրա տասնյակ հարձակումներ իրագործած «Իսլամական պետությանը»: Վերջին 5 տարում ամերիկյան ընկերությունները մոտ 20 մլրդ դոլարի չափով ներդրումներ են կատարել Թուրքիայում»,- նշել է Փաուերը:
Նրա խոսքով՝ եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը հրաժարվի ԱՄՆ-ի հետ հարաբերություններից՝ հօգուտ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ հարաբերությունների խորացման, ապա դա տեղի կունենա ոչ այն պատճառով, որ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: «Դա տեղի կունենա այն պատճառով, որ նրա ռեպրեսիվ ռազմավարությունը կսկի հիշեցնել ռուս եւ չինացի առաջնորդների ռազմավարությունը»,- հավելել է նա:



























