Դուդուկահար Ջիվան Գասպարյանի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համատեղ հայաստանյան համերգը տեղի կունենա այս տարի աշնանը։ Ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ աշխարհահռչակ երաժիշտը։

Նրա խոսքով, մարտի 26-ին Մոսկվայի Երաժշտության տանը տեղի ունեցած Սպիվակովի եւ իր դասական համերգը բավական լավ է անցել։

«Դահլիճում հայեր գրեթե չկային, հանդիսատեսի 90 տոկոսը ռուսներ էին։ Ազատ տեղեր էլ չկային, եթե հաշվի առնենք, որ համերգի տոմսերը վաճառվել էին մինչեւ 800 դոլար արժեքով։ Ռուս երիտասարդ աղջիկները համերգից հետո գալիս էին, փաթաթվում ինձ, արտասվում ու ասում, որ նոր միայն հասկացան՝ որն է իսկական արվեստը»,- պատմեց դուդուկահարը։

Նրա խոսքով, մեկ այլ համերգ ինքը Մոսկվայում ունենալու է նաեւ ապրիլի 29-ին՝ Կրեմլի դահլիճում։ «Այդ համերգին Ռուսաստանի նախագահական նվագախմբի հետ Բախ, Մոցարտ, Կոմիտաս եւ Եկմալյան եմ նվագելու»,- նշեց նա։

Անդրադառնալով արվեստագետների ըստ արժանվույն գնահատված-չգնահատված լինելու թեմային՝ Գասպարյանը հիշեցրեց, որ դեռ 90-ականներին ինքն իր մաշկի վրա զգացել է դա, եւ Հայաստանից Ամերիկա մեկնել է ցավը սրտում։ «Մեր փողերը կերան, հարստացան, իսկ մենք դարձանք բոմժ եւ մեր ընտանիքները պահելու համար թողեցինք մեր հայրենիքը։ Բոլոր լավ մարդիկ այդ տարիներին  Հայաստանից գնացին»,- հիշեցրեց դուդուկահարը։

Ջիվան Գասպարյանը տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում է նոր ձայնասկավառակ թողարկել։ «Բայց իսկական խուժանություն է, երբ պիրատները վաճառում են իմ նկարով  եւ անունով ձայնասկավառակներ, որոնցում անգամ ես չեմ նվագում։ Իրենց ախմախ արարքներով այդ մարդիկ իմ անունն ու պատիվն են գցում»,- ամփոփեց Գասպարյանը։