Հարձակումներն ինձ շատ չեն հուզում, «իշխանական որոշակի շրջանակներից շարունակվող հարձակումների» եւ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից վաղաժամ հրաժարականի հավանականության մասին Ankakh.com-ի հարցին ի պատասխան ասել է Վազգեն Մանուկյանը:

«Այն մարդիկ, որոնք անցել են հեղափոխությունների, պատերազմների, քաղաքական պայքարի, բանտերի միջով, ամուր նյարդեր ունեն: Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին և անձամբ իմ հարցին, ես արդեն հայտարարել եմ, նորից եմ կրկնում՝ ճիշտ է, կա տեխնիկական խնդիր, որ ինձ օրենքով աշխատանքից կարող են ազատել միայն մյուս տարվա ապրիլի 4-ից հետո, բայց դա խոչընդոտ չէ», ասել է Վազգեն Մանուկյանը: Նա հիշեցրել է, որ ՀԽ-ն կառավարության խորհրդակցական մարմին է, ՀԽ նախագահին առաջադրում է վարչապետը,  հաստատում կառավարությունը, եւ բնական է համարել, որ եթե վարչապետն իրեն հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չեն կարող, ինքը նույն րոպեին կհեռանա ՀԽ-ից: «Նաև ասացի, որ միգուցե վարչապետի հետ ինքս նախաձեռնեմ հանդիպում և քննարկեմ այդ հարցը, բայց գտնում եմ՝ ավելի բնական կլինի, եթե վարչապետը նախաձեռնի», ասել է Վ.Մանուկյանը: Ըստ նրա՝ կա նաև իր հրաժարականի երկրորդ տարբերակը. «երբ ես տեսնեմ, որ այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ», նշել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահը:

Մանուկյանը տեղեկացրել է, որ առաջիկա հինգշաբթի օրը հրավիրել է Հանրային խորհրդի նիստ՝ օրակարգում 2 հարցով.  ՀԽ շուրջ ստեղծված իրավիճակն ու ՀԽ հետագա անելիքները, Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը ենթակա չէ: