Չինաստանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում ավելի շատ տուրքեր չեղարկել, որոնք սահմանվել են սեպտեմբերին առեւտրային գործարքի «առաջին փուլի» շրջանակում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին:
Ակնկալվում է, որ համաձայնագիրը, որն այս ամիս կարող են կնքել Թրամփն ու ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինը, կներառի ԱՄՆ-ի խոստումը, որն է՝ դեկտեմբերի 15-ին չեղարկել գրեթե 156 մլրդ դոլարի չափով չինական ներմուծման համար սահմանված տուրքերը:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ այդ տուրքերի ճակատագիրը քննարկվում է բանակցությունների եւ այս ամիս համաձայնագրի հնարավոր ստորագրման շրջանակում:
Մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ Չինաստանը ցանկանում է չեղարկել մոտ 125 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների 15 տոկոսանոց տուրքերը, որոնք ուժի մեջ են մտել սեպտեմբերի 1-ին։ Պեկինը նաեւ ցանկանում է ազատվել ավելի վաղ մտցված 25 տոկոսանոց տուրքերից մոտ 250 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար։
Բանակցություններում Պեկինի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրն ասել է, որ Չինաստանը շարունակում է ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա «որքան հնարավոր է շուտ տուրքերը հանելու համար»։
Թրամփն ուրբաթ տեղեկացրել է, որ առեւտրային գործարքի բանակցությունների «առաջին փուլը» հաջող է ընթանում, եւ նա հույս ունի Սիի հետ համաձայնագիրը ստորագրել ԱՄՆ-ում։
Չինաստանի՝ սեպտեմբերին ուժի մեջ մտած տուրքերը հանելու խնդրանքի մասին ավելի վաղ տեղեկացրել էր Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։ Financial Times թերթը նույնպես տեղեկացրել է, որ Սպիտակ տունը դիտարկում է սեպտեմբերյան տուրքերը չեղարկելու հնարավորությունը, որոնք տարածվում են հագուստի որոշ տեսակների, հարթ էկրանով հեռուստացույցերի եւ անլար ականջակալների վրա։




























