Մի քանի պատճառներ կան, որ ես ցանկացա հանրությանը տեղեկացնել իմ ազատման պատճառների և ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ղեկավարման տեսանկյունից ոչ առողջ մթնոլորտի մասին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը։
«Տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը ավելորդ լարվածություններ մտցնելով աշխատանքների մեջ, աշխատակիցներին անհարկի ծառայողական քննություններով, ազատման դիմումներով մի նպատակ է հետապնդում՝ հանել մասնագետներին և բերել իր ցանկացած մարդկանց։ Տեսչական մարմնի աշխատակիցներից 30-40 հոգի դիմում են հղել վարչապետին՝ ներկայացնելով խնդիրները, իհարկե,խնդիրներն ամբողջ տրցակը չի ներկայացվել, սակայն քննություն է իրականացվում, որի ժամանակ կներկայացվի լրացուցիչ փաստեր և հանգամանքներ, թե ինչ հետևանք է ունենում Տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքը,-նշեց նա։
Իգոր Սարգսյանը շեշտեց՝ տպավորությունն այն է, որ միտումնավոր բնապահպանական վերահսկողության աշխատանքները տարվում են դեպի քայքայում, համակարգը քայքայելու գործընթաց է գնում․ «Երբ եկած առաջին օրերից հաշվեհարդար էր տեսնում նրանց հետ, որոնք ժամանակին իրեն մերժել են ավտոտնակի տեղ հատկացնել հայրենի Չարենցավանում, ամիսներ շարունակ հետապնդում էր, թե ինչպես են մյուսներին ավտոտնակի տեղեր տվել, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ավտոտնակները տրվել է բնակելի հասարակական կառուցապատման կատեգորիայի հողերի մեջ, որի իրավունք ուներ տեղական ինքնակառավարման մարմինները, բայց անընդհատ տեսուչներին ուղարկում էր ստուգելու և այլն։ Այսպիսի օրինակները ցույց են տալիս, որ նա եկել է անձնական հարցերը լուծելու»։
«Ես հուլիսին գնացի արձակուրդ, վիրահատության, օգոստոսին իմ համակարգման ոլորտները փոխեց, նախկինում համակարգում էր կենսաբազմազանության ոլորտը, բայց օգոստոսին միանգամից 8 ոլորտ է դրվել իր վրա, ընդ որում՝ հրամանը բազմաթիվ սխալներով էր, օրենքի ու վարչապետի որոշմանը հակասող մի շարք կետերով։ Վերցրել է կենսաբազմազանությունը և դրել ընդերքի վերահսկողության վարչությունը, մինչդեռ բնագավառը պիտի դներ, բայց դրել է վարչությունը։
Այնուհետ սեպտեմբերին Ամուլսարի ստուգման հրատապ հրաման իջեցրեց, ասեցի կստուգենք, մտավախության խնդիր չկա, բայց ասացի, որ շատ զգույշ, իրավաբանորեն հստակեցված, մասնագիտորեն ստուգում պետք է անենք, որովհետև միջազգային հարց է դարձել։ Բայց Ավետիսյանն անընդհատ խուսափում էր քննարկումներից։ Ես բանավորից անցա գրավորին, ասացի, որ իրավաբանների և մասնագետների հետ քննարկումներ պետք է արվեն, սակայն նա միանգամից ստուգող խումբ է նշանակել, իրեն էլ ղեկավար նշանակել, խուսափելով քննարկումից»,-նշեց նա։




























