Հորդանանում ութ մարդ տուժել է դանակով մարդու հարձակման հետեւանքով։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, տուժածների մեջ 4 օտարերկրացի զբոսաշրջիկ կա՝ երեք մեքսիկացի եւ  մեկ շվեյցարացի։ Միջադեպը տեղի է ունեցել Ջարաշ քաղաքում, հին հռոմեական ավերակներ տանող գլխավոր զբոսաշրջային ուղղության վրա։ Հարձակվողը կալանավորված է։

Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երեւում է արնաքամ եղող կինը՝ հատակին ընկած, եւս մի կին խուճապի մեջ է, նրա մարզաշապիկն արյան մեջ է։

Վերջին երկու տարիներին Հորդանանում նկատվում է զբոսաշրջության բուռն աճ, եւ տուրօպերատորները երկիրը համարում են ամենաանվտանգ զբոսաշրջային ուղղություններից մեկը Մերձավոր Արեւելքում։ Զբոսաշրջիկների վրա հարձակումներն այստեղ խիստ հազվադեպ են։