Այդ գործարանի վրա ես շատ ջանքեր եմ թափել, որպեսզի ավերակներից ոտքի կանգնեցնեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։

Նշենք, որ ըստ հարուցված քրեական գործի՝  Նազիկ Ամիրյանը խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի՝ ավելի քան 571 մլն դրամ արժողությամբ պետական գույքը` փաստացի ոտնահարելով գործարանի բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերերի իրավունքները: Գործարանի կանոնադրական կապիտալը 2001թ.-ի դրությամբ կառավարությունը  գնահատել է  717 մլն դրամ, Նազիկ Ամիրյանին պատկանել  է գործարանի 80 տոկոսը՝  574 մլն արժողությամբ:

«Հանել ինչ-որ շինծու նյութ գցել հանրության առաջ դա անբարոյականություն է։ Սնանկությունից հետո Տնտեսական դատարանի կողմից վաճառվել է, եւ նոր գնորդն էլ այն ծաղկեցրել է։ Գնորդը բավականին մեծ ներդրումներ է կատարել, եւ այդ գործարանը մինչեւ այսօր աշխատում է։ 1992 թվականին պետությունը ձեռք է բերել շշերի ատադրության նոր հոսքագիծ, որը տեղափոխելուց վնասել են, եւ որպես թանկարժեք գույք, այդպես էլ մնացել է գործարանում։ Որքան, որ հիշում եմ նախնական գինը 300 միլիոն դրամ է»,- ասաց Նազիկ Ամիրյանը։

Նա ասաց, որ հարցաքննվել է որպես վկա, եւ հարցին՝ եթե ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, եւ հակառակը, օգնել է գործարանի «ծաղկեցման» գործընթացին, ապա ինչպե՞ս է քրեական գործ հարուցվել, Նազիկ Ամիրյանն ասաց․ «Եկեք չպատասխանեմ, թե չէ կոպիտ եմ պատասխանելու»։