Տպագիր մամուլը հայտնվել է Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների ծուղակում, ինչի մասին դեռ մեկ տարի առաջ ահազանգում էին թերթերի խմբագիրներն ու լրագրողական կազմակերպությունները:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 7-ին հայտարարեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը` խոսելով «Հրապարակ»-ի դեմ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված դատական հայցի մասին:
«Մենք` խմբագիրներս ահազանգում էինք, որ այդ օրենքի փոփոխությունները դառնալու են սուր յաթաղան` կախված տպագիր մամուլի գլխին, որից ոչ ոք չի կարողանալու խուսափել»,-նկատեց Օհանյանը: Նա որպես օրինակ մատնանշեց լրատվամիջոցների «այն լայն սպեկտորը», որոնք հայտնվել են դատական գործընթացների մեջ` «Երկիր», «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Հրապարակ», «Հետք», NEWS.am եւ այլն:
«Հրապարակ»-ի խմբագրի խոսքով` ստեղծվել է մի իրավիճակ, երբ հնարավոր չէ կանխատեսել, թե տպագրվող այս կամ այն հոդվածը ո՞ւմ կվիրավորի եւ դրա հետեւանքով դատական ինչպիսի՞ քաշքշուկների մեջ կհայտնվի տվյալ թերթը: «Մեկի համար վիրավորական է «արյունռուշտ» բառը, մյուսի համար` «ստիլյագ»-ը: «Սա խոսում է մի բանի մասին, որ Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունները վերածվել են ազատ տպագիր խոսքը, կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակելու միջոցառման: Խմբագիրներին փորձում են վերածել գրաքննիչների, քանի որ մենք ստիպված ենք մեր նյութերը տպագրելիս ոչ թե մտածել ազատ մտքի, ստեղծագործական ազատության, սուր, հետաքրքիր, ակտուալ թմաների անդրադառնալու մասին, այլ ստիպված ենք ամբողջ օրը մտածել, թե տվայլ հոդվածը ի՞նչ հետեւանք կունենա մեր թերթի ճակատագրի համար»,-նկատեց Օհանյանը:
Նրա խոսքով` 6 միլիոն դրամը, որը թերթից պահանջում է Ռ. Քոչարյանը, «Հրապարակ» օրաթերթի կես տարվա շրջանառությունն է կազմում:
Իսկ օրաթերթի գույքի եւ դրամական միջոցների վրա կալանքի կիրառման հետեւանքով թերթը կարող է հայտնվել իր տպագրությունը դադարեցնելու վտանգի առաջ` տպարանի պարտքերը վճարել չկարողանալու հետեւանքով:
Նշենք, որ այսօր` ապրիլի 7-ին «Հրապարակ»-ը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան` օրաթերթի գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» թերթի դեմ` թերթից պահանջելով 6 մլն դրամ` իր պատիվն ու արժանապատվությունն արտավորելու համար:
Խոսքը թերթի փետրվարի 15-ի համարում հրապարակված հրապարակախոսական բնույթի «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» վերտառությամբ հոդվածի մասին է, որն, ըստ Քոչարյանի եւ նրա փաստաբանների, պետք է հերքվի:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավար Էդիկ Ավետիսյանը մարտի 28-ին վարույթ է ընդունել հայցը: Քոչարյանն իր հայցով երեք պահանջ է ներկայացրել` հերքել հոդվածը, գանձել 6 մլն դրամ տուգանքը (3 մլն դրամ որպես տուգանք, եւս 3 մլն դրամ` փաստաբանական վճար), նաեւ արգելանք դնել թերթի գույքի եւ դրամական միջոցների վրա: Դատավորն արդեն արգելանք է դրել գույքի եւ բանկային հաշիվների վրա: Գործով դատական առաջին նիստը կայանալու է մայիսի 10-ին:





























