«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող հայտնի բռնցքամարտիկ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Աայս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:
«Փաստաբանն այսօր ահազանգեց, որ սրտի հիվանդության հետ կապված սրացումներ են սկսվել»,-ասաց Խաչատրյանը: Նա նաեւ հավելեց, որ 4 ամիս առաջ Սամսոն Խաչատրյանը Մոսկվայում սրտի վիրահատություն է տարել, եւ մինչ ձերբակալությունը նրա բուժումները դեռ շարունակվում էին: Արմեն Խաչատրյանի խոսքով` ՔԿՀ-ի վարչակազմը թույլ չի տալիս, որպեսզի Խաչատրյանին զննի քաղաքացիական բուժհաստատության բժիշկը, իսկ ՔԿՀ-ի բուժմասի բժիշկը հայտարարել է, թե բռնցքամարտիկի մոտ առկա է նեւրոզ, ինչի հետեւանքով էլ նրա մոտ սրտի գանգատներ են ի հայտ եկել:
«Սամսոն Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ մեկուսարանում բացակայում են պայմանները` անհրաժեշտ բուժօգնություն ու բժշկական հսկողություն ապահովելու համար: Սամսոն Խաչատրյանին հակացուցված է նման պայմաններում մնալը»,- նշեց ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի պատասխանատուն:
ՀԱԿ ակտիվիստի առողջական վիճակին է անդրադարձել նաեւ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: Նա հավաստիացրել է, որ Սամսոն Խաչատրյանն այսօր` ապրիլի 7-ին, բժշկական հետազոտման է ենթարկվել, որի արդյունքների մասին կտեղեկացվի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է ՀԱԿ-ի կազմակերպած մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանության մեջ մտնելու փաստի առթիվ: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նրա նկատմամբ դատարանի կողմից որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը:





























