Ֆրանսիացի առեւտրի նախարար Ֆրեդերիկ Լեֆեբերը շփոթել է հագուստի խանութի անունը Վոլտերի վեպի հետ

Հարցին, թե ի՞նչ գիրք է իր վրա ամենամեծ տպավորությունը թողել, նախարարը պատասխանել է, որ դա «անկասկած» եղել է «Զադիգ եւ Վոլտեր» գիրքը: Իրականում Վոլտերի վեպը կոչվում է «Զադիգ թե՞ ճակատագիր», իսկ «Զադիգ եւ Վոլտեր»-ը (Zadig et Voltaire) ֆրանսիական հագուստի ապրանքանիշ է, գրում է Lenta.ru-ն:

Իր գրական նախասիրությունների մասին ֆրանսիացի նախարարը պատմել է ֆրանսիական Le Figaro թերթին` Փարիզում գրքի տոնավաճառի ժամանակ, որտեղ ներկայացված է եղել նաեւ իր գիրքը:

Հարցազրույցի այդ հատվածը հայտնվել է ինտերներտում: YouTube կայքում այդ կադրը դիտել է ավելի քան 200 հազար մարդ, ովքեր բազմատեսակ կատակներ են գրել:

YouTube-ի այցելուներն առաջարկել են միավորել գրական ստեղծագործությունների վերնագրերը հագուստի այլ ապրանքանիշների հետ, ասենք «Վիկտոր Հյուգո Բոսսի թշվառները»:

Նախարարն իր հերթին, իրեն չի կորցրել: Twitter-ի իր էջում նա գրել է. «Ես սիրում եմ «Զադիգին», ես սիրում եմ Վոլտերին եւ ես սիրում են Twitter-ը: Շնորհակալություն բոլորին, լավ ժամանակ անցկացնելու համար»: