Գերմանիայի ԱԳ նախարար Խայկո Մաասը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Թուրքիայում ԳԴՀ դեսպանության իրավաբան Յիլմազ Սունարի ձերբակալությունը, որը աշխատում էր Անկարայում եւ մեղադրվում է լրտեսության մեջ, հայտնում է DW-ը։

Մաասն ու Չավուշօղլուն կարճ շփվել են նոյեմբերի 23-ին, ճապոնական Նագոե քաղաքում, որտեղ անցկացվում է նախարարների մակարդակով G20-ի հանդիպում։

«Ես նորից կրկնեցի, որ մենք, ըստ էության, բոլորովին չենք հասկանում» ստեղծված իրավիճակը, ասել է Մաասը լրագրողներին։ Նա հավելել է, որ իրավաբանի, ինչպես եւ Թուրքիայում կատարված նախորդ ձերբակալությունները «անհիմն են», եւ ինքը հուսով է շարունակել Անկարայի հետ այս հարցով երկխոսությունը։

Չավուշօղլուն, ի պատասխան, նշել է, որ տեղի ունեցածի հանգամանքները ուսումնասիրվում են թուրքական արդարադատության կողմից։

Յիլմազ Սունարին կալանավորել էին դեռեւս սեպտեմբերի կեսին։ Նոյեմբերի 20-ին հայտնի էր դարձել նրա ձերբակալության մասին։ Գերմանիայի դեսպանությունը արդեն մի քանի ամիս է փորձում է հասնել Սունարի ազատմանը։ Թուրք փաստաբանը ԳԴՀ դեսպանության հանձնարարությամբ տեղեկություններ է հավաքել Գերմանիայում քաղաքական ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների մասին։

Դաշնային կառավարությանը մոտ շրջանակներում սա «չափազանց նուրբ» գործ են համարում, նշում է Spiegel Online-ը։ Մի կողմից՝ գերմանական կողմը կարող է բախվել թուրքական ռեժիմի հակառակորդներին հովանավորելու մեղադրանքների հետ, մյուս կողմից՝ մտավախություն կա, որ թուրք իրավաբանը կարող է երկար ժամանակով ազատազրկվել որպես փախստականներին աջակցող։