Ամերիկայի առաջնորդի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին համոզված է, որ իր կողմից հավաքված փաստերն ապացուցում են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Ուկրաինայում կոռուպցիայի մեջ ներգրավվածությունը: Այդ մասին շաբաթ Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ջուլիանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փաստաբանը նշել է, որ ներկայացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի շահերը մեծ հաջողությամբ: «Ես գործել են այնքան արդյունավետ, որ բացահայտել եմ կոռուպցիոն սխեման, որը վաշինգտոնյան զանգվածային լրատվամիջոցները թաքցրել են երեք կամ չորս տարի շարունակ»,-ասել է Ջուլիանին:
Նա հաստատել է, որ ձգտում է, որ ամերիկյան վիզա ստանան Ուկրաինայի չորս քաղաքացիները, որոնք, նրա խոսքով, կհաստատեն հանցագործություններում Բայդենի եւ չորս դեմոկրատների մասնակցության շուրջ պնդումները: Այդ մարդկանցից է Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը: Ջուլիանիի խոսքով՝ Շոկինը տիրապետում է «Ուկրաինայում լայնածավալ կոռուպցիայի մասին տեղեկատվությանը, որը թաքցրել է դեսպանը (ԱՄՆ-ի), Պետդեպարտամենտը, իսկ ՀԴԲ-ն ու Արդարադատության նախարարությունը չեն հետաքննել»:
Ինչպես հայտնել է Թրամփի փաստաբանը, խոսքը վերաբերում է, մասնավորապես, Burisma ուկրաինական էներգետիկ ընկերության տեղեկություններին: Դրա ղեկավարների կազմում էր Ջոզեֆ Բայդենի որդի Հանթերը: «Ես ցանկանում եմ, որ բոլորը տեսնեն միջոցների լվացման, 3 մլն դոլարի փոխանցման մասին փոստաթղթերը, որոնք ստացել է Հանթեր Բայդենը»,-պարզաբանել է Ջուլիանին: «Ես ունեմ այդ փաստաթղթերը»,-ընդգծել է նա:
Ջուլիանին հայտարարել է, որ ձգտում է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Ջոզեֆ Բայդենի զրույցների սղագրության հրապարակմանը: «Մամուլում տեղեկատվության արտահոսքից ես գիտեմ, թե ինչի մասին էին այդ զրույցները»,-շեշտել է փաստաբանը: Նա վստահություն է հայտնել, որ Ջոզեֆ Բայդենը կգերադասեր խուսափել այդ նյութերի հանրայնացումից: «Նա փորձում է համոզել բոլորին, որ ոչինչ չգիտեր Ուկրաինայում իր որդու բիզնեսի մասին: Կան տասնյակ միջոցներ դա հերքելու համար»,-նշել է Ջուլիանին: Նրա կարծիքով՝ Ջոզեֆ Բայդենը խնդրել է Պորոշենկոյին ազատել աշխատանքից Շոկինին, որը նախաձեռնել էր հետաքննությունն ընդդեմ Burisma-ի:
Ավելի ուշ՝ շաբաթ, Ջուլիանին հայտնել էր թվիթերյան իր էջում, որ իր սեյֆում պահվում են փաստաթղթեր, որոնք «վերաբերում են նրան, թե ինչպես է Բայդենների ընտանիքը 40 տարվա ընթացքում ֆինանսական շահույթ ստացել նրա պաշտոնեական դիրքից ելնելով»: Ջուլիանին հավաստիացրել է, որ նշված նյութերը կհրապարակվեն, եթե իր հետ ինչ-որ բան պատահի:




























