Բրազիլիայում եւս մեկ հետաքննություն է անցկացվում երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի ավագ որդի Ֆլավիո Բոլսոնարուի նկատմամբ: Վերջինս կասկածվում է նրանում, որ, աշխատելով որպես Ռիո դե Ժանեյրո նահանգի պատգամավոր, նշել էր իր ենթակաների ցանկում մարդկանց, որոնք իրականում չէին աշխատում այդ պաշտոնում, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով Ռիո դե Ժանեյրոյի դատախազությանը:

Հետաքննիչները համարում են, որ այդկերպ նախագահի որդին անօրինական ճանապարհով յուրացրել է փողերը, որոնք պետությունից ստացել էին այդ մարդիկ: Ընթացիկ տարվա փետրվարից 38-ամյա Ֆլավիո Բոլսոնարուն Դաշնային սենատի (երկրի խորհրդարանի վերին պալատի) պատգամավոր է:

Տարեսկզբին Ֆլավիո Բոլսոնարուի դեմ ձեռնարկվել էր հետաքննություն կասկածելի բանկային գործողությունների առնչությամբ: Համաձայն Բրազիլիայի՝ ֆինանսական ոլորտում հանցագործության դեմ պայքարի վարչության տվյալների՝ 2017 թվականի հունիսին եւ հուլիսին նախագահի որդու հաշվին փոխանցվել է 48 առանձին վճարում ընդհանուր առմամբ 96 հազար բրազիլական ռեալի չափով (շուրջ 20800 եվրո): Ներկայումս այդ գործով զբաղվում է երկրի գերագույն դատարանը:

Բրազիլիայի ծայրահեղ աջ նախագահ Ժաիր Բոլսոնարուն իշխանության է եկել 2018 թվականի հոկտեմբերին ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում: Ազգային կոնգրեսում երդմնակալության ժամանակ նա հայտարարել է. «Սա սկիզբն է երկիրը սոցիալիզմից, քաղաքական կոռեկտությունից եւ ուռճացված պետական ապարատից ազատելու համար»: Բոլսոնարուն խոստացել էր «կարգուկանոն հաստատել» եւ «բարոյականության ու էթիկայի իշխանությունը վերականգնել»: