Բաղդադում անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ. հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, հաղորդում է Reuters-ը:

Եւս մեկ մարդ սպանվել է Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում գիշերային ցույցերի ժամանակ:

Նարիսիա քաղաքում անվտանգության ուժերը կիրառել են զինամթերք եւ արցունքաբեր գազ ցուցարարներին ցրելու համար, որոնք հավաքվել էին երեք կամուրջների վրա:

Ոստիկանությունում եւ առողջապահության նախարարությունում հայտնել են երեք զոհերի մասին, եւս մեկ մարդ զոհվել է գլխի հրազենային վնասվածքի հետեւանքով:

Բացի այդ, բախումների հետեւանքով հրազենային վիրավորում եւ վնասվածքներ է ստացել ավելի քան 50 մարդ:

Եւս երկու մարդ  զոհվել է ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով Ում Քասր նավահանգստային քաղաքում: Այնտեղ վիրավորների քանակը կազմել է ավելի քան 70 մարդ:

Բողոքի ցույցերը նոր ուժով սկսվել են կիրակի. այժմ ոստիկանությունը փորձում է հեռացնել ցուցարարներին ճանապարհից, որը տանում է դեպի երկրի Կենտրոնական բանկը:

Ցույցերի առաջին օրերից՝ հոկտեմբերից, առ այսօր Իրաքում սպանվել է ավելի քան 330 մարդ: Դա երկրում ցույցերի ամենախոշոր ալիքն է 2003 թվականին Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո: