«NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։ Նախապատրաստվում են նյութեր»,-ասաց Մարինա Օհանջանյանը։

«Հաշվի առնելով վերոգրյալը` դեպքի և տեսանյութում երևացող քաղաքացու վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ.Վաղարշյան 13 ա ) կամ զանգահարել (+374)11 900 019 հեռախոսահամարով:

Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարող է ապահովել քրեական գործով կարևոր տեղեկություններ հայտնած անձի գաղտնիությունը»,– հայտարարություն է տարածել ՀՔԾ–ն։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որում քաղաքացիական հագուստով առերեւույթ ոստիկանները մի քաղաքացու նկատմամբ բռնություն են կիրառում՝ ցուցմունք կորզելու նպատակով։

Միջադեպին արձագանքել է նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։

Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,– գրել է օմբուդսմենը։