Նոյեմբերի 20-ից 22-ը, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ, հայկական գինիները մասնակցել են  Լեհաստանի Կրակով քաղաքում կազմակերպված ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսին։

ENOEXPO-ն Լեհաստանում գինու արդյունաբերության ոլորտի մասնագիտական միջոցառում է, որին ՀԽԳՀ-ն միասնական տաղավարով ներկայացրել է հայկական գինեգործական 15 ընկերությունների գինին եւ կոնյակը։

Յուրաքանչյուր տարի ENOEXPO-ն իր հարկի տակ է հավաքում մոտ 150 արտադրողների այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Բուլղարիան, Չեխիան, Գերմանիան, Վրաստանը, Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան, Կոսովոն, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Ուկրաինան եւ այլն: Ցուցահանդեսը տարեկան ունենում է 14000 այցելու՝ գինու բնագավառի մասնագետներ եւ գնորդներ։    

Նոյեմբերի 21–ին եւ 23-ին, Կրակովի «Krakow Slow Wines» գինու սրահում  տեղի է ունեցել հայկական գինիների համտես-սեմինար՝ Կրակովի գինու ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների, դիստրիբյուտորների, գինու ոլորտի մասնագետների եւ լրագրողների համար, որն անցկացվել է Լեհաստանի «Վինիսֆերա» մասնագիտական ամսագրի գլխավոր խմբագիր, գինու թեմայով մասնագիտացված լրագրող եւ փորձագետ Մարիուշ Կապչինսկիի կողմից։

Լեհաստանի գինու շուկան՝ շարունակական աճի ցուցանիշներով, հայկական գինիների արտահանման համար թիրախային է, որտեղ սպառվող գինիների 90%-ը կազմում են ներմուծվող գինիները։ Լեհաստանի գինու շուկան դեռեւս հագեցած չէ, թեեւ գինու իրացման ծավալների տարեցտարի գրանցվող աճը ենթադրում է, որ լեհական շուկան հայկական գինիների արտահանման համար կարող է լինել բարենպաստ։