ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե «ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարության դեմ բողոք է ներկայացրել», «իշխանությունները չեն նկատում «Ալկո Իմպորտ Էքսպորտ»-ի կողմից կատարվող իրավախախտումները», ինչպես նաեւ հրապարակման մեջ տեղ գտած այլ պնդումները չեն  համապատասխանում իրականությանը:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս 2019 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված գրության հիման վրա վարչական վարույթ է հարուցել  «Ալկո Իմպորտ Էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության դեմ եւ հոկտեմբերի 22-ի որոշմամբ «Օմսկվինպրոմ» ընկերության հեղինակային իրավունքները խախտելու, մասնավորապես`  ընկերությանը պատկանող «ПЯТЬ ОЗЕР» եւ «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող օղիներ արտադրելու եւ իրացնելու համար  16  207 000 դրամ տուգանք է կիրառել՝ որպես պատասխանատվության միջոց:

Նշված որոշումները հրապարակված  են հանձնաժողովի պաշտոնական կայքէջում եւ հասանելի են հանրությանը՝ ինչպես նաեւ այդ մասին  հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը  ԶԼՄ-ներին տեղեկատվություն է տրամադրել նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2019 թվականին  «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ հանձնաժողովը մեկ այլ վարույթի շրջանակում՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն իրականացնելու համար դարձյալ տուգանք էր կիրառել: