Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ստեղծման օրվանից Արթուր Հայրապետյան անունով աշխատակից չի եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում որպես բաժնի պետ աշխատող Արթուր Հայրապետյանը։

Տեսչական մարմնից հայտնեցին նաև, որ «Էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժին» անվամբ ստորաբաժանում առկա չէ, ուստի Արթուր Հայրապետյանն էլ չի կարող լինել այդ բաժնի պետը։

Հարցին՝  տեսչական մարմնի որևէ աշխատակից այդ կասկածանքով արդյոք ձերբակալվել է, Տեսչական մարմնից բացասական պատասխան տվեցին։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ նոյեմբերի 22-ին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել մի քանի քաղաքացի: Նրանց թվում է Արթուր Հայրապետյանը, որն աշխատում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում՝ որպես բաժնի պետ։