Կովկասի բնության հիմնադրամն/ CNF/ արժանացել է հեղինակավոր՝ Marsh Marjan Award մրցանակի, որը Լոնդոնում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ տրվել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիին: Marsh Marjan Award մրցանակը տրվում է այն անհատներին կամ կազմակերպություններին, որոնք հակամարտություններ ունեցող երկրներում իրականացնում են կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նշանակալի աշխատանքներ:

Marsh Marjan Award-2019 մրցանակին Կովկասի բնության հիմնադրամն արժանացել է Հայաստանում , Վրաստանում եւ Ադրբեջանում շուրջ 10-ամյա գործունեության համար, որն ուղղված է այս տարածաշրջանի եզակի կենսաբազմազանության պահպանությանը: Marjan կենտրոնի տնօրեն Ջասպեր Համֆրիսն իր  շնորհավորական խոսքում նշել է CNF-ի իրականացրած աշխատանքների կարեւորությունը եւ նշել, որ հպարտությամբ են հանձնում Marsh Marjan Award-2019 մրցանակը CNF-ին՝ մարդկանց բարեկեցության եւ կենսաբազմազանության  պահպանության գործում դրական  արդյունքների հասնելու համար:

«Մենք հպարտ ենք , որ CNF-ի կատարած աշխատանքն արժանացել է այս  մրցանակին եւ հուսով ենք, որ այն ավելի շատ  ուշադրություն եւ ռեսուրսներ կուղղի աշխարհի այս գեղեցիկ , բարդ ու փխրուն տարածաշրջանի վրա»,-իր խոսքում նշել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիին:

Ավելացնենք, որ մեր երկրում գործունեության 10 տարիների ընթացքում Կովկասի բնության հիմնադրամի կողմից Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հատկացվել է ավելի քան 4,5 միլիոն եվրո: