Վրաստանի անունն ընկել է ոչ միայն Իսրայելի, այլ նաեւ այլ երկրների մոտ։ Այս մասին հայտարարել է «Ազատ ժողովրդավարներ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Ցագարեիշվիլին, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» լրատվական գործակալությունը:

Ընդդիմության ներկայացուցիչը, արձագանքելով այն փաստին, որ Իսրայելը Վրաստանին վերադարձրել է իր համար վտանգ ներկայացնող երկրների ցուցակ, դա համարել է Իսրայելի կողմից Վրաստանի նկատմամբ պատասխան քայլ՝ ի նշան հրեա գործարարների ձերբակալման դեմ բողոքի:

«Այս ամենը միայն սկիզբն է»,- ընդգծել է կուսակցության ներկայացուցիչը՝ նշելով. «Այս ամենը սեւ բիծ է երկու երկրների հարաբերություններում: Չէ՞ որ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Վրաստանին բարեկամ այդ երկիրը շատ անգամներ է օգնության ձեռք մեկնել, երբ Վրաստանը ճգնաժամի մեջ է եղել»:

Ընդդիմադիրը համոզված է, որ հրեա գործարարների ձերբակալման պատճառով խնդիրներ կստեղծվեն այն վրացիների համար, ովքեր աղոթելու համար կայցելեն Երուսաղեմի  սրբավայրեր: