Մենք պատրաստ ենք հիմք ընդունել հայկական ապրանքների մրցակցային առավելությունները: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է կարեւոր դեր ունենալ պարենային անվտանգության ապահովման հարցում, ինչի մասին ասել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պարենային անվտանգությունը գլոբալ խնդիր է եւ համընդհանուր մոտեցում է պահանջում: Իտալիան եւ ընդհանուր առմամբ ԵՄ-ը այդ հարցում թափանցիկության օրինակ են»,- հավելել է դիվանագետը:

Դեսպանը նշել է, որ սնունդը իտալական մշակույթի մի մասն է, եւ Հռոմը հատուկ կարեւորություն է տալիս պարենային անվտանգությանը: «Իտալիան արդեն այդ ոլորտում 42 մլրդ եվրո է ներդրել: Գինիների ավելի քան 500 տեսակներ եւ իտալական այլ արտադրանք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Սակայն այդ ամենը չի նշանակում, որ մենք այլ երկրներից փոխառելու ոչինչ չունենք»,- նկատել է Վինչենցո Դել Մոնակոն:

Նա նշել է բուսասանիտարական եւ այլ նորմերի, կարգավորումների ներդաշնակեցման կարեւորությունը Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ՝ միության այլ մասնակից երկրների միջեւ առեւտրում բարդություններից խուսափելու համար: