«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ջանքերով՝ Դիլիջանում նոյեմբերի 26-27-ին անցկացվել է «Հայաստանում անասնաբուժության զարգացման հետքերով» երկօրյա համաժողովը, որի նպատակն էր մասնակիցների հետ վերհանել ոլորտում առկա խնդիրները, քննարկել դրանց լուծման տարբերակները: Սա նաեւ լավագույն հնարավորություն էր մասնագիտական փորձի փոխանակման ու նոր կապերի հաստատման, անասնաբուժական ոլորտում պետական եւ մասնավոր կառույցների կատարած աշխատանքների եւ սպասվելիք գործընթացների ներկայացման համար:

Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՄԱԿ-ի ՊԳԿ ազգային համակարգող Զարուհի Բեգլարյանը, «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Արման Օհանյանը, ներկայացուցիչներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, ոլորտային մատակարար ընկերություններից, ինչպես նաեւ երկրի բոլոր մարզերը ներկայացնող անասնաբույժներ:

Ողջունելով մասնակիցներին՝ Տեսչական մարմնի ղեկավարը խոսել է մասնագիտության կարեւորության, դրա դերի բարձրացման, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրներն ու առաջնահերթությունները հստակ տարանջատելու մասին: Նա հորդորել է ամենայն պատասխանատվությամբ ու հետեւողականությամբ մոտենալ կենդանիների պատվաստումների եւ արյունառման գործընթացին, գրանցամատյաններում գրառումներն անել բարեխղճորեն՝ զգուշացնելով անփութության դեպքում առաջացող բարդությունների մասին:

Կենդանիների հաշվառման եւ համարակալման 2020-ից ներդրվող եռամյա ծրագիրն է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարի տեղակալը: Պարոն Գաբրիելյանը շեշտել է, որ բազմաթիվ խնդրաhարույց հարցեր այս մեկնարկով ինքնին լուծում են ստանում եւ՝ որ դրա իրականացման հարցում մեծ է լինելու իրենց՝ անասնաբույժների, դերը:

ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Լիլիթ Սարգսյանը մասնակիցներին է ներկայացրել կենդանիների բակային մորթից սպանդանոցայինի անցնելու ուղիները, առաջինի բացասական հետքը եւ երկրորդի անհրաժեշտությունն ու առավելությունները: Այսօր հանրապետությունում գործում են 17 տարբեր հզորության սպանդանոցներ, եւս 25-ը գտնվում են կառուցման եւ վերանորոգման փուլում: Երկրում առկա սպանդանողների հզորություններն բավարար են բնակչության պահանջարկը բավարարելու համար:

Համաժողովն անցել է ակտիվ հարցուպատասխանի, հետաքրքիր քննարկումների մթնոլորտում: