«Հայաստանը լավ ռեսուրսներ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական դերակատար դառնալու համար»,- սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը։

Նշելով, որ տարածաշրջանում Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատարն է, նա դրա ապացույցը համարեց համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ մի շարք ընկերությունների՝ մեր երկրում ներկայացված լինելու փաստը։ Գոհունակություն հայտնելով, որ ՀՀ նախագահը եւ կառավարությունը քաջալերում եւ աջակցում են ոլորտի զարգացմանը՝ Ռիչ Գոլդմանը ընդգծեց, որ «SYNOPSYS»-ը գնահատում է այդ քայլը։

Նա նաեւ անդրադարձավ ամեն տարի ընկերության կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությանը, որն այս տարի տեղի կունենա Հայաստանում նոյեմբերի 16-ին։ Այժմ SYNOPSYS-ը փորձում է պայմանավորվածություն ձեռք բերել մրցույթի նախորդ տարվա հաղթողի հետ (ով, նրա խոսքով, միջազգային ՏՏ ոլորտում բավականին հայտնի մեկն է), որպեսզի նա եւս ներկա լինի կազմակերպված միջոցառմանը։ «Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրենի խոսքով, մրցույթում հաղթողը մրցանակները կստանա անձամբ ՀՀ նախագահի ձեռքից։

Հարցին, թե որքանո՞վ է ազդել համաշխարհային տնտեսական ճգնաժամն իրենց ընկերության վրա, Ռիչ Գոլդմանը պատասխանեց, որ «իրենք ճգնաժամից դուրս են եկել որպես ուժեղ ընկերություն եւ ավելի մեծ եկամուտներով, քան նախորդ տարի։ Իսկ ընդհանրապես, ամբողջ աշխարհում բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամն զգալի ազդեցություն է թողել. եկամուտները նվազել են շուրջ 38 տոկոսով»: