Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հաստատեց Պետական գույքի կառավարման հայեցակարգը:
Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ Պետական գույքի կառավարման ոլորտի հայեցակարգը մշակվել է ելնելով ՀՀ-ում ներկայումս վարվող ընդհանուր տնտեսական քաղաքականության բովանդակությունից եւ ՀՀ կառավարության ծրագրի պահանջներից:
Հայեցակարգի հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ Սահմանադրության համաձայն ՀՀ կառավարության գործառույթների շարքում շատ կարեւոր տեղ է հատկացվում պետական սեփականության կառավարմանը, ինչը նշանակում է, որ կառավարության մաս կազմող ցանկացած պետական մարմնի կողմից տիրապետվող եւ օգտագործվող գույքի արդյունավետ կառավարման հիմնական պատասխանատուն ՀՀ կառավարությունն է։
Ըստ էության, պետական սեփականություն համարվող այս կամ այն գույքի տիրապետման եւ օգտագործման իրավունքը ՀՀ կառավարության անունից տրված է նրա կազմի մեջ մտնող պետական մարմիններին (ՀՀ նախարարություններ, ՀՀ կառավարության եւ ՀՀ վարչապետին ենթակա մարմիններ, ՀՀ նախարարությանը ենթակա մարմիններ), իսկ դրա տնօրինման իրավունքը վերջին հաշվով վերապահված է ՀՀ կառավարությանը։
ՀՀ կառավարության գործունեության կարեւոր բնութագրիչների շարքում առանձնանում է պետական գույքի կառավարման որակը եւ այդ կառավարումից շարունակական ստացվող արդյունքների մեծությունը՝ դինամիկան։ Հետեւաբար, պետք է նկատի ունենալ, որ պետական գույքի կառավարման որակի բարելավման եւ արդյունավետության բարձրացման հիմնախնդիրն առաջանում է գրեթե ամեն անգամ, երբ որոշում է կայացվում պետական գույքի կա՛մ դրա որեւէ տարրի օգտագործման, կա՛մ դրա ամենատարածված ձեւերով՝ վարձակալության, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, պետական գույքի օտարման եղանակով առքուվաճառքի, նվիրատվության, նվիրաբերության, փոխանակության կա՛մ մասնավորեցման մասին որոշումներ կայացնելու, պետական գույքը հավատարմագրային կառավարման կամ կոնցեսիայի իրավունքով մասնավոր անձանց փոխանցելու, ինչպես նաեւ պետական գույքի սպասարկման, պահպանման եւ օգտագործման նկատմամբ հսկողություն սահմանելու ժամանակ։
Ինչպես եւ տնտեսության բոլոր ոլորտները, այնպես էլ պետական գույքի կառավարման բնագավառն այժմ պահանջում է նոր մոտեցումների կիրառում, որի նպատակն է աշխուժացնել պետական գույքի շրջանառությունը եւ ավելացնել այդ գույքի օտարումից եւ օգտագործումից ներկայումս ուղղակի ստացվող եւ ապագայում անուղղակի ստացվելիք եկամուտները, իսկ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների դեպքում՝ շահույթը։
Պետական գույքի կառավարման ոլորտում արդյունավետ որոշումներ ընդունելու ճանապարհին առաջին հերթին խոչընդոտ է հանդիսացել ՀՀ-ում տնտեսական ակտիվության գոյություն ունեցող շրջանակները, որոնք վերջին տարիներին գնալով ավելի են նեղացել։ Որպես հետեւանք իրավաբանական անձանց եւ հասարակության լայն շրջանակները մասնակցություն չեն ցուցաբերել պետական գույքի ձեռք բերման եւ արդյունավետ օգտագործման գործընթացին, հատկապես այն պատճառով, որ տվյալ ոլորտի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մակարդակը հեռու է եղել բավարար լինելուց եւ նրանց համար ուրվագծված չեն եղել այդ գույքի օգտագործման հեռանկարները եւ գույքի օգտագործումից ստացվող եկամուտները։
Այլ կերպ, հասարակության բոլոր շերտերի պահանջարկը եւ նրանց պոտենցիալ ջանքերը հաշվի չի առնվել պետական գույքի առաջարկի ոլորտում քաղաքականությունը մշակելիս եւ իրականացնելիս։
Ելնելով վերը նշվածից՝ պետք է ամբողջությամբ վերանայել պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը եւ պետական գույքի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթների բովանդակությունը եւ նպատակային ուղղվածությունը։
Պետական գույքի կառավարման ոլորտի հայեցակարգի ընդունմամբ փոփոխության կենթարկվեն ոչ միայն պետական գույքի կառավարման քաղաքականությունը, այլ նաեւ կբարեփոխվեն պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, պետական գույքի օգտագործման ու սպասարկման եւ ծառայությունների մատուցման, պետական գույքի պահպանման եւ օգտագործման վերահսկման, ինչպես նաեւ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման դաշտը կանոնակարգող իրավական ակտերը:
Տերտերյանը նշեց, որ իրենց գնահատմամբ պետական գույքի մասնավորեցումից եւ օտարումից մուտքերը կլինեն 48 մլրդ դրամ. «Իհարկե, սա բավական զգույշ գնահատական է: Ավելի լավատեսական գնահատականով այց ցուցանիշը կկրկնապատկվի: Պետական գույքի օգտագործումից կանխատեսել ենք 843 մլն դրամի մուտքեր, վարձակալությունից՝ 54 մլն, պետական գույքի սպասարկումից 336 մլն, օգտագործման փոփոխություններից՝ 153 մլն դրամ»,-ասաց նա:



























