Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առանց հիմնավորումների կարող է ասել ցանկացած բան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն պնդմանը, թե Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերը «փչած» են։
«Եթե պարոն Բագրատյանը ցանկանում է, որ հնչեցված թիվը լինի առարկայական քննարկման առարկա, ապա պետք է բացատրի, թե ինչ է նկատի ունենում, երբ ԱՎԿ-ի կողմից հրապարակված իրական տնտեսական ակտիվության ցուցանիշի փոխարեն ենթադրություն է բարձրաձայնում։
Մեկ փաստարկ է բերել, ասում է՝ վերցնենք բեռնափոխադրումների ծավալը, եւ կտեսնենք, որ նվազող բեռնափոխադրվող տոննաների պայմաններում չի կարող լինել աճող տնտեսական ակտիվություն։ Եթե բացեք ԱՎԿ-ի կողմից հրապարակված սոցիալ-տնտեսական վիճակը 9 ամիսների ընթացքում, բեռնաշրջանառությունը աճել է 9,5 տոկոսով։ Եթե ճշտում անենք եւ հանենք խողովակաշարերով գազի փոխադրումը,ապա կտեսնենք, որ ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրումների ծավալը 10 տոկոսը գերազանցել է։ Այս ցուցանիշի դեպքում 7,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը որեւէ կերպ խնդրահարույց չէ։ Այլ փաստարկներ եթե լինեն պարոն Բագրատյանի ոկմղից, կպարզաբանենք»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե ԱՎԿ-ն նույն կոմիտեն է, եւ հիմա էլ վստահություն չի ներշնչում, նախարարն արձագանքեց․ «Ձեզ թվում է, որ եթե հարցն այդպես ձեւակերպեք, կնշանակի ԱՎԿ-ն վստահություն չի վայելում։ Իհարկե վայելում է, ԱՎԿ-ն այսօր եւ անցյալում աշխատում էր միջազգային կանոններին համապատասխան»։



























