«ՀՀ Կառավարության 09.08.2018թ. թիվ 880-Ն որոշմամբ սահմանվել է, որ Երեւանում գտնվող եւ համապատասխան լիցենզիա ունեցող 500 եւ ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում սկսած սույն թվականի օգոստոսից պետք է առանձնացվի մեկուսացված, տեսախցիկներով վերահսկվող բաժանմունք կալանավորված անձանց եւ դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը կազմակերպելու նպատակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:

նա, մասնավորապես, նշել է.

«Ընդ որում, նախատեսվել էր, որ դրա պահպանությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից:

Հիշյալ վերջնաժամկետից անցել է շուրջ չորս ամիս եւ մինչ օրս առկա չէ նշված որոշման կատարման մասին որեւէ տեղեկատվություն:

Փաստացի կարող ենք արձանագրել, որ քրեակատարողական ոլորտի հիշյալ ռազմավարական քայլի իրացումը, որը նաեւ Կառավարության գործունեության ծրագրից ուղղակիորեն բխող պահանջ է, եւս ձախողված է: Նշված որոշման կատարման ամբողջ պատասխանատվությունը դրված է ՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարությունների վրա:

Հիշյալ անգործության հետեւանքով առկա է Կառավարության որոշում, որը մինչ օրս մնացել է չկատարված՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Մնում է մեկ հարցի պատասխան. ո՞վ է կրելու նշված որոշման չկատարման համար պատասխանատվությունը»: