Վենեսուելայի տարածքի մի զգալի մասը, այդ թվում` մայրաքաղաք Կարակասը, մի քանի ժամ մնացել է առանց էլեկտարականության զանգվածային էլեկտրանջատումների արդյունքում, ինչը, ըստ նախնական տվյալների, տեղի էր ունեցել անտառային հրդեհների պատճառով:

Իշխանությունները չեն բացառում, որ դա դիտավորյալ հրկիզում էր: Էլեկտրաէներգիայի նախարար Ալի Ռոդրիգեսի խոսքով`վթարը ազդել է Վենեսուելայի 23 նահանգներից 17-ի վրա, գրում է Rosbalt-ը:

Զանգվածային էլեկտրանջատումների արդյունքում Կարակասի հանրային տրանսպորտը հայտնվել է քաոսի մեջ: Հազարավոր ուղեւորներ մնացել են մետրոյի թունելներում: Նրանցից շատերը քայլել են դեպի մոտակա կայարան եւ փորձել ոտքով հասնել տուն:

Նման իրավիճակում է հայտնվել նաեւ  ուղեւորատար գնացքներից մեկը, որի մեջ կար 400 ուղեւոր: Հրելով` հաջողվել է գնացքը հասցնել մոտակա կայարան, որը Կարակասից 50 կմ հարավ էր գտնվում: