Մարտական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ստացած բոլոր զինծառայողները այսուհետ զինվորական կենսաթոշակ կստանան՝ անկախ հաշմանդամություն ստանալու ժամկետից։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, համապատասխան օրինագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 28-ին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։
Ներկայացնելով օրինագիծը՝ նա, մասնավորապես, նշեց, որ որոշումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 2019 թվականի հուլիսի 12-ի վճռով։ «Առաջ հաշմանդամություն տալիս էին հինգ տարի ժամկետով, եւ մենք դեպք ենք ունեցել, երբ մարդը զորացրվել է 2000 թվականին, բայց դիմել է հաշմանդամություն ստանալու համար միայն 2018-ին։ Բայց օրենքով հինգ տարի հետո մենք արդեն իրավունք չունեինք զինվորական կենսաթոշակ նշանակել։ Սահմանադրական դատարանը որոշել է, որ դա հակասում է Հիմնական օրենքին, եւ հիմա մենք հանում ենք այդ սահմանափակումը»,- պարզաբանել է փոխնախարարը։
Օրինագիծն ստացել է պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։




























