Երեւանի քաղաքապետարանում տեղի են ունեցել հանրային բաց լսումներ: Բնակիչները եւ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց հարցերը, դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել 2020թ. բյուջեի, քաղաքի զարգացման տարեկան եւ հնգամյա ծրագրերի վերաբերյալ:

Ոլորտի պատասխանատուներն ու քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը պատասխանել են քաղաքացիների հարցերին:

Մասնակիցները հետաքրքրվել եւ առաջարկներ են արել կանաչապատման, վերելակների փոխարինման, մասնակցային կառավարման եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման ծրագրերի առումով:

Բնակիչների հարցադրմանը, թե ինչու՞ վերելակների փոխարինման ծրագիրը ներառված չէ բյուջեում, փոխքաղաքապետը պարզաբանեց. ծրագիրը չի իրականացվելու բյուջեի միջոցների հաշվին՝ ինչից ելնելով էլ արտացոլված չէ նախագծում:

Խոսելով մասնակցային կառավարման մասին՝ քաղաքապետի տեղակալը նշեց, որ բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ եղել են նաեւ անցյալ տարի: Բացի այդ, նախագիծը կազմված է տարվա ընթացքում բնակիչների առաջ քաշած խնդիրների հիման վրա:

Կա գաղափար, որ քաղաքի կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության խնդիրներով կզբաղվի առանձին ՀՈԱԿ-ը: Հաջորդ տարի նախատեսվում է գույքագրել ծառերի ֆոնդը եւ քարտեզագրել:

Անդրադառնալով տեսողական, լսողական եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքում տեղաշարժը հարմարավետ դարձնելու քայլերին՝ փոխքաղաքապետն առանձնացրեց մի շարք ծրագրեր, այդ թվում՝ թեքահարթակների կառուցման, մայթերի երկայնքով գոգավոր սալիկների, խաչմերուկներում՝ ձայնային ազդանշանների ավելացման նախագծերը:

Ներկայացված որոշ առաջարկներ կներառվեն հաջորդ կամ հետագա տարիների ծրագրերում:

Քաղաքացիների մի շարք հարցեր էլ եղել են անձնական բնույթի: Փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել քննարկմանը ներկա գտնվողներին՝ մասնակցության եւ հարցադրումների համար:

Նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երեւանի քաղաքապետին կից Երեւանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի քննարկմանը: