Իտալական ոստիկանությունը հայտարարել է նացիստական նոր կուսակցության ստեղծմանն ուղղված դավադրության բացահայտման մասին, հայտնում է BBC News-ը։

Բացի այդ, երկրի իրավապաշտպան մարմինների տվյալներով՝ Իտալիայով մեկ խուզարկությունների ընթացքում բռնագրավվել է զենք, այդ թվում՝ հրացաններ եւ սրեր։

Սպաները խուզարկություններ են կատարել 19 կասկածյալների տներում։ Նրանք գտել են նաեւ նացիստական խորհրդանիշներով դրոշներ, ինչպես նաեւ Ադոլֆ Հիտլերի եւ Իտալիայի ֆաշիստական առաջնորդ Բենիտո Մուսոլինիի գրքերը։

Նշվում է, որ դավադիրների նպատակն է եղել, այսպես կոչված, Աշխատավորների իտալական ազգային-սոցիալիստական կուսակցության ձեւավորումը։

Ձերբակալությունների թիվն առայժմ անհայտ է։

«Սեւ ստվերներ» կոչվող օպերացիան երկու տարվա հետախուզությունների արդյունքներով ոստիկանությունն անցկացրել է երկրի ողջ տարածքում՝ Միլանից մինչեւ Սիցիլիա։