ՕՊԵԿ+ երկրները կոնսենսուսի են եկել նավթարդյունահանման կրճատման մասին Վիեննայի համաձայնագրի ժամկետը երկարաձգելու շուրջ, որը գործում է մինչեւ 2020 թվականի մարտի վերջը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Օմանի նավթի եւ գազի նախարար Մուհամեդ բեն Համադ ար Ռումհին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ թվում է, որ կոնսենսուս երկարացման շուրջ կա,- ասել է նա։- Կարծում եմ, որ մենք պետք է երկարացնենք (համաձայնագիրը) մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի (վերջ), որովհետեւ չեմ կարծում, թե շուկայում ինչ-որ բան կփոխվի հաջորդ ինն ամիսներին (2020 թվականի մարտից հետո)»,- ավելացրել է նախարարը։
ՕՊԵԿ+ գործարքը նավթի արդյունահանման կրճատման մասին պետք է երկարացնել առնվազն մինչեւ 2020 թվականի վերջ, հիմնականում շուկայի վրա եկող տարվա նոյեմբերին սպասվող ԱՄՆ նախագահի ընտրությունների ազդեցության պատճառով, ասել է Մուհամեդ բեն Համադ ար Ռումհին։
«Պարզապես ինչո՞ւ է դեկտեմբերն այդքան լավ։ Որովհետեւ (2020-ի) նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, եւ ԱՄՆ քաղաքականությունը առեւտրի համատեքստում, Չինաստանի հետ (հարաբերություններում), այդ ամենը կազդի պահանջարկի վրա։ Իսկ (դեկտեմբերին) արդեն ավելի հասկանալի կլինի, նոյեմբերին արդեն պատկերացում կունենանք այն մասին, թե կսկսվի արդյոք նոր քաղաքականություն նոր վարչակազմի գալուստով, թե՞ կմնա նույն վարչակազմը՝ ներկա քաղաքականությամբ, եւ այդ ժամանակ, կարծում եմ, դեկտեմբերին, ՕՊԵԿ+-ը կկարողանա ավելի ճիշտ որոշում ընդունել։ Կարող ենք եւ մինչեւ 2021 թվականի մարտի վերջ երկարացնել, դեմ չեմ»,- ասել է նա։
«Ես հույս ունեմ, որ նրանք կերկարացնեն (ՕՊԵԿ+ գործարքը), մենք կողմ ենք երկարացմանը։ Լսել եմ, որ եղել են ավելի շատ կրճատելու հայտեր, բայց չգիտեմ, մենք չենք քննարկել որեւէ բան ծոցի երկրների միջեւ, ինչպիսին են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, երբեք նման քննարկումներ չենք կատարել։ Բայց մենք կողմ ենք երկարացմանը, առնվազն մինչեւ 2020 թվականի վերջ։ Առնվազն»,- ավելացրել է նախարարը։
ՕՊԵԿ+ երկրները (նավթ արտահանող 24 երկիր, այդ թվում Ռուսաստանը) համաձայնեցված կառավարում են նավթի արդյունահանումը 2017 թվականից։ Հուլիսին հանդիպման ժամանակ նրանք երկարացրին օրական 1,2 մլն բարելով նավթի արդյունահանման կրճատման պայմանավորվածության ժամկետը մինչեւ 2018-ի հոկտեմբերի մակարդակ՝ օրական 812 հազար խորանարդ մետր ՕՊԵԿ երկրների համար։ Այժմ համաձայնագիրը գործում է մինչեւ 2020 թվականի վերջ։ Հիմնական քվոտաները բաժին են ընկնում Ռուսաստանին եւ Սաուդյան Արաբիային (228 հազ. եւ 322 հազ. բարել օրական՝ համապատասխանաբար)։




























