Լեհաստանի կառավարությունը կոչ է անում Գերագույն վերահսկիչ պալատի նախագահ Մարյան Բանասին հրաժարական տալ իր կապերի ու գործարքների շուրջ զարգացող սկանդալի ֆոնին, հաղորդում է Associated Press-ը:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ ուսումնասիրել է Մարյան Բանասի կապերի ու ֆինանսական կարգավիճակի մասին զեկույցն ու ակնկալում է նրա հրաժարականը: Նշվում է, որ Գերագույն վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականն է ցանկանում նաեւ երկրի իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին:
Ինքը՝ Բանասը, հայտարարում է, որ իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները կեղծիք են եւ որ կշարունակի կատարել իր պարտականությունները:
Երկրի ֆինանսների նախկին նախարար Բանասն առաջադրվել էր իշխող կուսակցության Գերագույն վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնին՝ հայտարարելով իր «բյուրեղյա ազնվության» մասին:
Սակայն ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Կրակովում նրա տունը հանձնվել էր վարձակալության հիմունքով սեքս-ոլորտի ներկայացուցիչներին, իսկ ինքը՝ Բանասը, ներկայացնում էր թերի հաշվետվություններ իր ֆինանսական դրության մասին:




























