Մի քանի ժամ ընդմիջումով դաժանաբար երեք թոշակառուների սպանած պարանոիդալ շիզոֆրենիկն անմեղ է ճանաչվել՝ խելագարության պատճառով, հայտնում է AP-ը։

Էկզետերյան թագավորական դատարանում երդվյալ ատենակալները պիտի որոշեին՝ գիտակցե՞լ է արդյոք 28-ամյա Ալեքսանդր Լյուիս Ռանվելը, որ սպանությունը հակաօրինական է։ Ութ տղամարդկանցից եւ չորս կանանցից բաղկացած խմբին վեց ժամ եւ 15 րոպե է անհրաժեշտ եղել միաձայն որոշում կայացնելու համար։

Երեք հոգեբույժները միակարծիք են եղել, որ Լյուիս Ռանվելը խելագար վիճակում է եղել, երբ մուրճով եւ բահով սպանել է 80-ամյա Էնթոնի Փեյնին եւ 84-ամյա երկվորյակներ Դիք ու Ռոջեր Քարտերներին։

Սակայն մեղադրողը պնդել է, թե պատասխանող կողմը որոշակի պատասխանատվություն է կրել այն բանի համար, ինչ տեղի է ունեցել։

Ալեքսանդր Լյուիս Ռանվելը տառապում է պարանոիդալ շիզոֆրենիայով, եւ պատկերացրել է, թե երիտասարդ աղջիկներին փրկում է մանկապիղծներից։