Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի կորպորացիային պատկանող News of the World թերթի աշխատակիցները գաղտնալսել են թագավորական ընտանիքի խոսակցությունները: Լրագրողների «զոհերն» են դարձել Յորքի արքայազն Էնդրյուն եւ նրա երկու դուստրերը` Եվգենիան եւ Բեատրիսը:

Թագավորական ընտանիքը վրդովմունք է հայտնել անձնական կյանքի անձեռնմխելիության ակնհայտ խախտման կապակցությամբ, գրում է բրիտանական The Independent օրաթերթը: Առայժմ չի հաղորդվում, նրանք դիմել են իրավապահներին, թե ոչ, սակայն արքայազն Էնդրյուն հայտնել է, թե «չի պատրաստվում որեւէ  գործողություն ձեռնարկել»:

Թագավորական ընտանիքի խոսակցությունները գաղտնալսելու մասին կասկածներն ի հայտ էին երկու տարի առաջ: Այդ ժամանակ Եվգենիան ընկերոջ հետ մեկնել էր Կամբոջա, որտեղ անծանոթ մի տղամարդ փորձել էր նրան թալանել: Թիկնապահներին հաջողվել էր հանցագործի գործողությունները կասեցնել, սակայն շուտով դեպքի մանրամասները հայտնվել էին The Sun եւ Մերդոկի կորպորացիային պատկանող այլ հրատարակություններում: