Աշխարհի խոշորագույն Saudi Aramco նավթային ընկերությունը ակնկալում է ապահովագրություն գնել՝ պատերազմներից ու ահաբեկչական գրոհներից, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Aramco-ն փորձում է պայմանավորվել մի քանի ապահովագրական ընկերությունների, այդ թվում Lloyd's of London-ի հետ։ Աղբյուրներից մեկի խոսքերով՝ ընկերությունը ուզում է օբյեկտներ ապահովագրել Սաուդյան Արաբիայի արեւելյան քաղաքներում։ Հենց այստեղ էլ այս տարվա սեպտեմբերին ընկերության մի շարք օբյեկտներ գրոհի էին ենթարկվել։
IPO-ի մեկնարկի ժամանակ, որը կարող է աշխարհում խոշորոգույնը լինել եւ մինչեւ 25,6 մլրդ դոլար արժենալ, Aramco-ն հայտարարել է, որ չի սպասում, թե սեպտեմբերի 14-ի գրոհը էական ազդեցություն կունենա իր ֆինանսների եւ գործարքների վրա։
Ապահովագրության հասանելի տարբերակները տատանվում են ահաբեկչական գրոհից կամ սաբոտաժից ապահովագրելուց մինչեւ լիարժեք ապահովագրություն, որը ներառում է պատերազմ կամ քաղաքացիական պատերազմ, ինչպես նաեւ բիզնեսի ընդհատման դեպքում փոխհատուցում։
Երրորդ աղբյուրի գնահատականներով՝ Saudi Aramco-ի գործարանների գրոհից վնասների նախնական գնահատականը կազմել է 2 մլրդ ռիալ (533 մլն դոլար)։




























