Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը ներկայացրել է պատգամավորության թեկնածուների անունները, որոնց պետք է աջակցի հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ`  թեկնածուների ցուցակը կազմել են կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիթաշն ու Գյուլթան Քըշանաքը:  Քրդական կուսակցությունը Թուրքիայի 39 նահանգներում կաջակցի 61 անկախ թեկնածուի:  61 հոգանոց ցուցակում այդպես էլ որեւէ հայազգի տեղ չգտավ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, թե կուսակցությունը ցանկանում է Ստամբուլում առաջադրել եւ աջակցել ձախ հայացքների տեր հայազգի լրագրող Հայկո Բաղդատի թեկնածությունը: Սակայն դրանից հետո որոշեցին առաջադրել Արդվինում ծնված հայազգի Իսմեթ Շահինին, իսկ ցուցակը հայտարարելուց մեկ օր առաջ խոսք էր գնում Իշխան Օհանյանին առաջադրելու մասին: Թե ինչո՞ւ այդպես էլ ոչ մի հայազգի տեղ չզբաղեցրեց ցուցակում, դեռ հայտնի չէ: 

Նշենք, որ Թուրքիայում ընտրական շեմը 10 տոկոս է, որը ստիպել է քրդական կուսակցությանը մասնակցել մեծամասնականով եւ այնուհետ խորհրդարանում ձեւավորել կուսակցական խմբակցություն։