Լիբիայի ղեկավարության եւ Աֆրոմիության պատվիրակության հետ խաղաղ բանակցությունների ընթացքում քննարկվել է Մուամար Քադաֆիի հրաժարականի հարցը։ Այս մասին հայտարարել է Աֆրոմիության խորհրդի անվտանգության եւ խաղաղության հարցերով հանձնակատար Ռամթանա Լամամրուն։
«Այս առումով բանավեճեր եղել են, սակայն չեմ կարող դրանց մասին խոսել։ Այդ հարցը պետք է գաղտնի մնա։ Լիբիայի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ինքը պետք է ընտրի իր առաջնորդներին»,- հայտարարել է Լամամրուն, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով, Աֆրոմիության պատվիրակության առաջարկած եւ Քադաֆիի կառավարության ընդունած ճանապարհային քարտեզն իր մեջ ներառում է կրակի անհապաղ դադարեցում, ազգային երկխոսության հաստատում, օտարերկրյա քաղաքացիների պաշտպանվածություն Լիբիայի տարածքում եւ մարդասիրական օգնության տրամադրում դրա կարիքն ունեցողներին։
Աֆրոմիության պատվիրակությունը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի ժամանել էր կիրակի, որպեսզի կանգնեցնի ցուցարարների եւ Մուամար Քադաֆիի ուժերի միջեւ արյունահեղությունը։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը Աֆրոմիության առաքելության ներկայացուցիչների թռիչքի համաձայնություն էր տվել։





























