Չինաստանի իշխանությունները զեկույց են նախապատրաստել Միացյալ նահանգներում մարդու իրավունքների վերաբերյալ` այդկերպ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղարության` այլ երկրներում իրավունքների եւ ազատությունների մասին զեկույցին:

Ըստ 12-րդ զեկույցի` ԱՄՆ-ում ծայրահեղ վատ է ռասայական խտրականության խնդիրը:

Ընթացիկ տարում ԱՄՆ-ում ընտանեկան բռնության են ենթարկվել 1,3 միլիոն մարդ, որից 92 տոկոսը` կանայք: Ըստ վիճակագրության, ընտանեկան բռնություններից օրական մահանում կամ հաշմանդամ են դառնում երկրի երեք բնակչուհիներ:

Չինացիներն առանձնակի քննադատել են ամերիկյան ժողովրդավարությունը` այն «փողի ժողովրդավարություն» անվանելով:

Ամփոփելով` չինացիները նշել են, որ Վաշինգտոնում աչք են փակում ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումների վրա:

Նշենք, որ ապրիլի 8-ի ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2010թ. մարդու իրավունքների զեկույցը: 194 երկրների մասին զեկույցում քննադատական հայտարարություններ են արված, այդ թվում` Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի, Աֆղանստանի, Հայաստանի, Թուրքիայի մասին:

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշվում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, խոսքի ազատության խախտումների եւ ընտրակեղծիքների մասին: