Երեւանում ապրիլի 14-ին տեղի կունենա «Քրիստոնյա Հայաստան» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկում՝ ֆիլմի ռեժիսոր Արսեն Ասլանյանի մասնակցությամբ։ Ցուցադրություն- քննարկումը կազմակերպում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբը:

«Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը նվիրված է Հայաստանում քրիստոնեության հաստատմանն ու հայ ժողովրդի ծանր ճակատագրին։ Նկարահանումները կատարվել են Էջմիածնի, Օշականի, Օձունի, Հաղպատի, Սանահինի, Տաթեւի, Գեղարդի, Խոր Վիրապի, Արցախի եկեղեցիներում։ Ֆիլմի օպերատորն է Արման Օրդյանը, սցենարի հեղինակը՝ Նարինե Թուխիկյանը, իսկ պրոդյուսերը՝ Գոռ Ղազարյանը։

«Քրիստոնյա Հայաստան»-ը ֆիլմ-էսսե է, որը կինոարվեստում յուրօրինակ ոճ է։ Էսսեն ենթադրում է հեղինակի անհատական մոտեցումը թե´ գաղափարների, թե’ կադրերի ու երաժշտության ընտրության հարցում։ Ֆիլմը տարբերվում է նաեւ նրանով, որ տեսարանները մատուցվում են խոհափիլիսոփայորեն, միտքը, գաղափարն ավելի գերիշխող են, քան խաղարկային դրվագները։ Կենտրոնական դեմքը պատմիչն է, ով պատմում է հայոց պատմության որոշ դրվագներ։ Պատմիչի դերում նկարահանվել է Վլադիմիր Մսրյանը։ Տեսաֆիլմի գլխավոր հերոսը քրիստոնեությունն ընդունած եւ պետական կրոն ճանաչած Հայաստանն է։